«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով: Ժամանակը ցույց տվեց, որ նրանք իրավացի էին: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե «փողի խնդիր չունեն»: Իրականում ստացվում է, որ լրիվ հակառակն է: Պետք է հաշվի առնել, որ հարկերն ու տուրքերն ավելացնելը, նոր հարկատեսակներ մոգոնելը, հարկման շրջանակներն ընդլայնելը «ոչ պոպուլ յար» քայլեր են, որոնք, բնականաբար, հարվածում են իշխանությունների՝ առանց այդ էլ գերցածր վարկանիշին: Արդյոք տնտեսության իրական վիճակն այնքան վա՞տ է, որ նույնիսկ գիտակցելով նշվածը՝ իշխանությունները գնում են նման քայլերի: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իրավիճակը նկարագրում է պարզ օրինակով:
«Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի տեղ աշխատենք, կա՛մ մեկ վայրի աշխատավարձը բարձրանա: Մի քանի տեղ աշխատելու հնարավորությունը սովորական մարդու համար շատ դեպքերում ժամանակի անբավարարություն է ենթադրում: Պետության պարագայում դա ենթադրում է արտադրական հնարավորություններ: Նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վաճառված, այդ թվում՝ արտահանված արտադրանքի ավելացում նախատեսո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նայում ենք ցուցանիշներին և տեսնում՝ սննդի արդյունաբերություն՝ նվազում, խմիչքի արտադրություն՝ նվազում, դեղագործական հիմնական արտադրություն՝ նվազում և այլն:
Եթե արտադրանքը քանակապես նվազում է, ապա մնում է Արևմուտքից ներմուծում և Ռուսաստանին կամ հակառակ ուղղություններով ապրանքների վաճառքը, այդ դեպքում էլ ընդունեցին երկու տեսակ որոշում՝ տրանսպորտային միջոցների և երկակի նշանակության ապրանքների վերարտահանման արգելքը՝ այսպիսով արհեստական խոչընդոտ ստեղծելով: Հետևաբար, մնում է մեր ունեցած եկամուտների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնական սպառումից ավելի շատ հարկերի հավաքագրումը: Սրան պետք է հաջորդի գնաճը, այսինքն՝ պետք է կա՛մ գները բարձրացնեն, որ նույն դրույքաչափերով ավելի շատ հարկ հավաքեն, կա՛մ պետք է հարկի դրույքաչափը բարձրացնեն, որ նույն եկամուտից ավելի շատ հարկ հավաքեն: Սրանք երկու ճանապարհով էլ գնացին:
2024 թ.-ի մեկնարկից անցել է 2,5 ամիս: Կառավարության ղեկավարը կառավարության նիստին խոսեց ջրի սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին, թե՝ սա ինչ ցածր թվեր են, այնուհետև տրանսպորտի գնի վերանայում, տրանսպորտի գնի բարձրացումը ենթադրում է նաև ավելի շատ հարկեր, այնուհետև կարմիր գծերի, հետագայում՝ փաստաբանական, բրոքերական ծառայությունների գների բարձրացում, պետբյուջեի օրենքի մեջ նախատեսել են կրթության, գիտության և առողջապահության՝ ավելացված արժեքի հարկով հարկում, ինչը նշանակում է 20 տոկոսով այդ ոլորտների սակագների բարձրացում: Ապագայում դեռ ականատես կլինենք բազմաթիվ նման նախաձեռնությունների, որովհետև 340 մլրդ դրամով բյուջեի ավելացումն ուղղակի հնարավոր չէ կատարել արտադրության նվազման պարագայում»,-եզրափակում է Սարգսյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: