ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Վերջինիս մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում հայկական կողմն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումների արդյունքում Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծված մարտահրավերներին և ձևաչափի կենսունակության ու ներառականության պահպանման անհրաժեշտությանը:
Ընդգծվել է Ադրբեջանի հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները և իրավունքները հասցեագրելու կարևորությունը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և ԵՄ անդամ երկրներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալու նպատակով հատկացված մարդասիրական աջակցության համար:
Տարածաշրջանային համագործակցության խթանման նպատակով նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համատեքստում հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ծրագրերում ներառականության ապահովումը մեծապես կնպաստի նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:
Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև ԱլԳ որոշ անդամների կողմից ձևաչափի ստեղծման ժամանակ հռչակված արժեքների և սկզբունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգման։