Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջակցեն Մոսկվան և Կիևը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի իշխանությունները չեն բացառում Շվեյցարիայում Ուկրաինայի թեմայով միջազգային կոնֆերանսին մասնակցելու հնարավորությունը, հայտարարել է Շվեյցարիայում Չինաստանի դեսպան Վան Շիտինը։
Դեսպանի խոսքով՝ Չինաստանը միշտ հանդես է եկել խաղաղ բանակցությունների օգտին՝ միաժամանակ հարգելով տարածքային ամբողջականությունը և հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Վան Շիտինը նշել է, որ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն վերջ դնել հակամարտությանը, որի տարածումը չի կարելի թույլ տալ։ Դեսպանը նաև հավելել է, որ Պեկինը դեմ է միակողմանի պատժամիջոցներին։
Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Շվեյցարիայում ծրագրված Ուկրաինայում խաղաղության հարցով միջազգային համաժողովին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Շվեյցարիայում նախապատրաստվում է բարձր մակարդակի միջազգային համաժողով Ուկրաինայում խաղաղության հարցով, որին պատրաստվում են հրավիրել Ռուսաստանին: