Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է, և Հյուսիսատլանտյան դաշինքը լիովին աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Այս մասին մարտի 18-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամտերիմ գործընկերներից է։ Մենք մեծապես գնահատում ենք ձեր նշանակալի նպաստը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում։ Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մասն են», - ասել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին «մինչ դուք շարունակում եք ընթանալ դեպի ավելի ուժեղ ժողովրդավարություն և Եվրաատլանտյան լիարժեք ինտեգրում, այդ թվում՝ 2008 թվականի Բուխարեստի որոշումը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ»։
Ստոլտենբերգը հավելել է, որ ԵՄ անդամակցության համար Վրաստանի ձեռնարկած միջոցառումները համաքայլ են գնում ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն ուղղված ջանքերի հետ։
Որպես Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության օրինակ Ստոլտենբերգը բերել է օրերս թուրքական ռազմական ֆրեգատի ժամանումը Բաթում, որտեղ փորձի փոխանակում է տեղի ունեցել վրացի զինվորականների հետ։
Նա նշել է, որ Վրաստանում պետք է շարունակվեն բարեփոխումները՝ հոկտեմբերին ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար։