Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդակոծությունների հետևանքով 11 զոհի մասին
Բելգորոդի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով մարզում 11 խաղաղ բնակիչ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ընդհանուր առմամբ, մարտի 12-ից մինչև 18-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մեզ մոտ տուժել է 93 մարդ, նրանցից 11-ը զոհվել է», - ասել է տարածաշրջանի առողջապահության նախարար Անդրեյ Իկոննիկովը օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Նախարարի տվյալներով՝ ինը հոգու վիճակը ծանր է, բայց կայուն։ Բացի այդ, մարզային մանկական հիվանդանոցում բուժվում է տուժած երկու երեխա։
Բելգորոդ քաղաքի իշխանություններն էլ հայտնել են, որ առավոտյան գնդակոծության հետևանքով 1 մարդ է վիրավորվել։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բելգորոդի մարզի երկնքում առավոտյան խոցվել է RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 10 հրթիռ։
Ուկրաինայի զինված ուժերն իրենց հերթին հաղորդել են, որ ռուսական ուժերը 22 հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհել են երկրի տարբեր շրջաններ, ԱԹՍ-ներից 17-ը խոցվել են։ Բացի այդ, ուկրաինական կողմը հաղորդել է Խարկովի և Սումիի մարզերի վրա արձակված հրթիռների մասին։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հաղորդել է, որ ռուսական բանակը գնդակոծել է Խերսոնի միկրոշրջաններից մեկը, որի հետևանքով 5-հարկանի շենքում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։