ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը կաջակցի ՆԳՆ բարեփոխումներին
Ավստիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործառնությունների տնօրեն Բո Մաթիասենի և UNODC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտալի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:
Փոխնախարար Սարգսյանը ՄԱԿ-ի գործընկերներին է ներկայացրել ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։
Նա առանձին անդրադարձ է կատարել քրեական ոստիկանության վերափոխմանը, հայտարարված բաց մրցույթի ընթացքին և կրթական նոր մոդելի ներդրմանը։
ՄԱԿ-ի գործընկերները բարձր են գնահատել ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Կառավարության ջանքերը։
Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացված քայլերին և նախանշել համագործակցության նոր ուղղություններ։
Կարևորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ռազմավարական մակարդակում փորձագիտական աջակցությամբ քայլերի հստակեցումը և ՀՀ Կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների խթանումը, ոստիկանների վերապատրաստման գործընթացում UNODC-ի առցանց գործիքների տեղայնացումն ու կիրառումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով առաջ մղել երկկողմ համագործակցության օրակարգը։