Գյումրիում ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունն ակտիվ է. ՌԴ գլխավոր հյուպատոս
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում ժամը 13:00-ի դրությամբ ՌԴ նախագահի ընտրություններին արդեն քվեարկել է մոտ հազար մարդ։ Տեղեկությունը հայտնել է գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:
«Ընտրությունները (գլխավոր հյուպատոսությունում) ընթանում են նորմալ ռեժիմով՝ ակտիվ մասնակցությամբ։ Ցերեկվա ժամը մեկի դրությամբ քվեարկել է մոտ 1000 մարդ: Ընտրատեղամասում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են» - Կանդաուրովի խոսքը մեջբերում է Հայաստանում ռուսական տան մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահական ընտրությունների վերջին օրն է, որը սկսել էր մարտի 14-ից։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքները կսկսի հրապարակել մարտի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով 21։00-ից։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։ Վերջինս հինգերորդ անգամ է առաջադրվել այս պաշտոնում: