Իրանը մտահոգություն է հայտնել պաղեստինցի երեխաների սպանության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռության կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ Ասքար Ջալալիանը մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին պաղեստինցի երեխաների սպանության կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Ասքար Ջալալիանը հայտարարել է Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում:
«Մենք չենք կարող խոսել երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին, և ոչինչ չանել Գազայում երեխաների սարսափելի իրավիճակը կանխելու ուղղությամբ, որոնք իսրայելական զորքերի կողմից հանցագործությունների և օկուպացիայի պատճառով անընդհատ բախվում են բռնության»,- ասել է Ջալալիանը:
Նա նշել է, որ այդ բռնությունների հետևանքով վերջին հինգ ամիսների ընթացքում Պաղեստինում ավելի քան 13 հազար երեխա է զոհվել:
Արդարադատության փոխնախարարը հավելել է, որ խոսել Պաղեստինում տիրող իրավիճակի մասին, որտեղ անմեղ երեխաները անխնա սպանվում են իրենց ծնողների աչքի առաջ, շատ դժվար և ցավոտ է: