«Հայաստանը և ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով Բրյուսելի Ազատ Համալսարանում
Բրյուսելի Ազատ Համալսարանում (ULB) տեղի ունեցավ «Հայաստանը եւ ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով, որը կազմակերպվել է «Նաիրյան» միության եւ Բրյուսելի Ազատ համալսարանում ՄԱԿ-ի համայնքի ջանքերով։ Համաժողովի բանախոսն էր Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեսպանն ուսանողներին ներկայացրեց 1988-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած զարգացումները, ԼՂ պատմությունն՝ իր բոլոր շերտերով՝ շարժում, պատերազմներ եւ բանակցություններ։
Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում ՀՀ տեսակետներին, ԵՄ հետ երկկողմ հարաբերություններին, համագործակցության խորացմանն ու ապագա համատեղ ծրագրերին։
«ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ շրջադարձ է դեպի Արեւմուտք, ոչ էլ շրջադարձ է դեպի Արեւելք: ՀՀ արտաքին քաղաքականությունը շրջադարձ է դեպի հայոց պետական շահը», - նշեց դեսպան Բալայանը։
Ներկա ուսանողներից շատերին հետաքրքիր էր իմանալ Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածությունը։ Տիգրան Բալայանն իր պատասխաններում շեշտեց՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն է պատրաստ դա անել։