Կրկժանի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին ադրբեջանական պրոպագանդայի թիրախում
Monument Watch-ը գրում է․
Կրկժանի Ադրբեջանական Ictimai TV հեռուստաալիքով մարտի 8-ին ցուցադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասում: Տեսանյութը ներկայացնում է Կրկժանում գտնվող ավերակված Սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Տեսանյութը վերնագրված է որպես «Խանքենդիում քանդված աղվանական հուշարձանները»։
Տեսանյութն ակնհայտ քարոզչական բնույթ ունի․ այն միտված է ծառայելու ադրբեջանական քարոզչամեքենայի առաջ քաշած հիմնական թեզին, որ «հայերը հայկականացրել են տեղի աղվանական եկեղեցիները»: Այս թեզն, իհարկե, նոր չէ, սակայն վերնագրից տեսնում ենք, որ ի հայտ է եկել մեկ այլ վտանգավոր խոսույթ՝ այն է, որ հայերը իբր նաև քանդել են աղվանական հուշարձանները: Այս տեսանյութը նաև սկսում են տարածել ադրբեջանական սոցցանցերում՝ Խանքենդիում քանդված, ոչնչացված աղվանական հուշարձանները վերտառությամբ:
Տեսանյութում չկա և ոչ մի տեղեկատվություն ավերակների մասին, անգամ հիմնավորում, թե երբ է քանդվել հուշարձանը, ինչու է այն ավերակ:
Տեսանյութում ներկայացված ավերակները գտնվում են օկուպացված Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասում՝ նրա բարձրադիր տեղավայրում (նկ. 1, 2): Համաձայն հուշարձանի պահպանության գոտու փաստաթղթերի՝ ավերակ եկեղեցին կոչվել է Սբ. Ամենափրկիչ: Ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում 19-րդ դարում գտնվում էին Վարարակն, Կրկժան, Փահլուլ, Ներքին շեն, Սողոմոնի շեն և այլ հայկական գյուղերը, որոնց մասին վկայություններ են պահպանվել 19-րդ դարի աղբյուրներում: Այս թեմայով տես՝
Ստեփանակերտի մասին Ադրբեջանի անհիմն հայտարարությունների շուրջ։
Կարող ենք տեսնել, որ Կրկժանն այդ գյուղերից մեկն էր: Մակար Բարխուդարյանցը հիշատակում է գյուղը Կարկաժան անվամբ: Բարխուդարյանցը տեղի բնակիչներին բնորոշում է որպես բնիկ, իսկ գյուղի եկեղեցին հիշատակում է Սբ. Ամենափրկիչ, որի քահանան գալիս էր հարևան Ղայբալուշենից (Բարխուտարեանց 1895, 152): Այսպիսով, 19-րդ դարավերջին եկեղեցին կանգուն էր, իսկ գյուղի բնակիչները հիշատակվում են որպես բնիկ հայկական:
Ներկայումս եկեղեցին ավերակ է: Մասամբ պահպանվում են արևմտյան, հյուսիսային և արևելյան պատերի մնացորդները (նկ. 3): Այն հյուսիսից, արևմուտքից և արևելքից հենվում է ժայռերի վրա, ունեցել է խիստ լայն պատուհաններ, որ բնորոշ են 19-րդ դարի եկեղեցիներին: Կառուցված է կոպտատաշ կրաքարերով, շաղախով տեղի ժայռի վրա:
Հուշարձանի շրջակայքում կան մի քանի խաչքարերի բեկորներ, որոնք ցուցում են, որ ներկայիս եկեղեցուց առաջ այստեղ եղել է մեկ այլ՝ ավելի վաղ ժամանակների եկեղեցի կամ սրբավայր, որի տեղում թերևս 19-րդ դարում կառուցվել է ներկայիս եկեղեցին: Դատելով խաչքարերի բեկորներից՝ դրանց 12-13-րդ դարերի են (նկ. 4): Տարածքում կան նաև տապանաքարերի բեկորներ, ամբողջական տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով: Համաձայն արձանագրության՝ տապանաքարերից մեկը ոմն Հռէփսիմէ Յովագիմեանինն է, ով վախճանվել է 1870 թվականին (նկ. 5):
Այսպիսով, գործ ունենք Կրկժան գյուղի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հետ, որ կառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու շուրջը տարածվել է գերեզմանատունը, իսկ եկեղեցու տարածքից գտնված խաչքարերի բեկորները ցուցում են տեղում ավելի վաղ առկա եկեղեցու կամ սրբավայրի մասին:
Խորհրդային տարիներին, Կրկժան գյուղում և եկեղեցու շրջակայքում բնակեցրել են մեծ թվով ադրբեջանցիների: Վերջիններս եկեղեցին վերածել էին անասնագոմի և ավերակ դարձրել: Փաստորեն 19-րդ դարում հայկական գյուղում կառուցված հայկական եկեղեցին, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին վեր են ածել անասնագոմի, ադրբեջանական պրոպագանդայի համար աղվանական եկեղեցի է՝ ավերված հայերի կողմից: