Արգենտինայի Սենատը մերժել է նախագահական մեգափաթեթը
Արգենտինայի Սենատը 42 կողմ, 25 դեմ ձայներով մերժել է արմատական բարեփոխումների փաթեթը, որը նախագահ Խավիեր Միլեյի կառավարությունը դեկտեմբերին ընդունել էր արտակարգ հրամանագրի միջոցով: Մերժումը մեծ հարված է երկրի տնտեսությունը խիստ խնայողության միջոցներով ճգնաժամից դուրս բերելու իշխանությունների փորձերին, գրում է DW-ն:
Սենատում կայացած բանավեճի ընթացքում փաթեթի հակառակորդները մատնանշել են կառավարության գործողությունների հակասահմանադրական լինելը: Սահմանադրությունը թույլ չի տալիս բարեփոխումներն իրականացնել հրամանագրերով, ընդգծել են նրանք։
Արգենտինայի օրենսդրության համաձայն, որպեսզի փաթեթն օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատվի խորհրդարանի առնվազն մեկ պալատում։ Մինչդեռ Միլեյի կուսակցությունը երկու պալատներում էլ փոքրամասնություն է կազմում։