Ճապոնիայի դեսպանը Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը կարևորել է առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ։ Սանոսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հայաստանյան առաքելության ընթացքում։
Նախարարն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարությունը Ճապոնիայի դեսպանատան հետ տարբեր ոլորտներով արդյունավետ աշխատանքի, համագործակցության մեծ փորձ ունի։ Սանոսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ աշխատանքը թե՛ առկա, և թե՛ նոր ուղղություններով։
Դեսպան Աոկի Յուտական ևս կարևորել է առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Հանդիպման ընթացքում քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։