Մարիաննա Շահպարոնյանն իր «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն ներկայացրել է Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի բարձր հովանու ներքո բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանն այցելել է Լոնդոն, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացրել «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն:
Արվեստասերները մեծ ոգևորությամբ են ընդունել Շահպարոնյանին և բարձր գնահատականի արժանացրել նրա ստեղծագործությունները։
Բանաստեղծուհին այցելել է Լոնդոնի «Գէորգ Թահթաեան կիրակնօրեայ ազգային վարժարան» կիրակնօրյա դպրոց: Հանդիպման ընթացքում քննարկվել են օտար երկրում հայոց լեզվի պահպանման մարտահրավերները:
«Բարձր եմ գնահատում դպրոցի ուսուցիչների աշխատանքը նոր սերունդներին հայրենասեր դաստիարակելու և հայի ինքնությունը պահպանելու վեհ գործում»,-նշել է Շահպարոնյանը:
Նա նաև հանդիպել է ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Թիմ Լոութընի հետ: Քննարկման թեմաները եղել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։ Լոնդոնյան այցի ընթացքում բանաստեղծուհին հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վարուժան Ներսեսյանի հետ:
Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունը և հայրենադարձությունը։
Առաջիկայում գիրքը կներկայացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։