Խորվաթիայի խորհրդարանը որոշում է ընդունել ինքնարձակման մասին
Խորվաթիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին որոշում է կայացվել խորվաթական Սաբորի՝ երկրի միապալատ խորհրդարանի ինքնարձակման մասին: Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին մարտի 14-ին հայտարարել է խոսնակ Գորդան Յանդրոկովիչը։
«143 «կողմ» ձայնով մենք որոշում ընդունեցինք Խորվաթիայի խորհրդարանն արձակելու մասին», - հայտնել է Յանդրոկովիչը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները։
Սաբորի նոր կազմը կընտրվի ընտրությունների ընթացքում, որոնք պետք է անցկացվեն ապրիլի վերջին-մայիսի սկզբին։ Ընտրությունների օրը պետք է հաստատի Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը։ Սպասվում է, որ բոլոր ընթացակարգերը պետք է ավարտվեն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք ԵՄ-ում անցկացվելու են հունիսի 6-ից մինչև 9-ը։
Խորհրդարանն արձակելու նախաձեռնությամբ հանդես է եկել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ Ինչպես կարծում են քննադատները, Պլենկովիչը որոշել է վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, քանի որ մտավախություն ունի, թե իր «Խորվաթիայի դեմոկրատական համագործակցություն» կուսակցությունը հետագայում կկորցնի ժողովրդականությունը: Ի սկզբանե Խորվաթիայում խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին աշնանը։
Բացի այդ, մարտի 14-ին Սաբորն ընդունել է վիճահարույց օրենք, որը նախատեսում է պատիժ այն իրազեկիչների համար, որոնք դատական հետաքննություններից տվյալներ են փոխանցում լրագրողներին: Ընդդիմությունը կարծում է, որ այս օրենքը նպատակ ունի «քողարկել Պլենկովիչին մոտ կանգնած կոռումպացված քաղաքական գործիչներին»։