Ժողովրդավարության համար քաղաքացիական կրթությունը սկզբունքային է. Արթուր Մարտիրոսյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ, հետազոտողներ:
Ծրագրի նպատակն է Հայաստանի երիտասարդների շրջանում ձևավորել ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության հմտություններ, նրանց զինել անհրաժեշտ գիտելիքով:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ քաղաքացիական կրթությունը պետության երիտասարդական քաղաքականության կարևոր թիրախներից է: Այս առումով նաև կարևորել է գործընկեր կառույցների հետ շարունակական համագործակցությամբ թե՛ ֆորմալ կրթության մեջ, և թե՛ ֆորմալ կրթությունից դուրս քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակության զարգացմանն ուղղված ծրագրերը։
«Հայաստանն այսօր կրթական ակտիվ բարեփոխումների փուլում է, և հանրակրթական նոր չափորոշչով սահմանվել է ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակության զարգացումը՝ որպես միջնակարգ կրթության կարողունակությունների 8 վերջնարդյունքներից մեկը: Շատ կարևոր է, որ այս ծրագրով, արդեն ոչ ֆորմալ կրթական գործիքակազմի կիրառմամբ, այդ կարողունակությունը զարգացվի նաև երիտասարդների շրջանում,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը և հավելել,- պետական երիտասարդական քաղաքականության շրջանակում կան բազմաթիվ ծրագրեր ու տարբեր գործընկերներ, որոնց հետ փորձում ենք կրթական բոլոր մակարդակներում ներդնել քաղաքացիական կրթությունը և նպաստել որոշումների ընդունման գործընթացում երիտասարդների մասնակցության խրախուսմանը»։
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ միջազգային չափանիշների համաձայն Հայաստանում ժողովրդավարությունը վերջին տարիներին մեծ առաջընթաց ունի: Այդուհանդերձ, ըստ փոխնախարարի, ժողովրդավարության կենսունակությունը ենթադրում է ակտիվ քաղաքացիության շարունակական գործադրում քաղաքացիների կողմից։ Եվ դա հնարավոր է, եթե երիտասարդներն ունենան համապատասխան հմտություններ ու գիտելիք, ինչին էլ միտված է «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագիրը:
Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և ներգրավված բոլոր կառույցներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կդառնան շարունակական:
Ծրագիրը ֆինանսավորում է Նիդերլանդների կառավարությունը, իրականացնում են «ՕքսԵՋեն» հիմնադրամն ու Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտը (NIMD):
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական նպատակները, բաղադրիչները, ակնկալվող արդյունքները և համագործակցության հնարավորությունները:
«Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի» մասնակիցները պանելային քննարկմամբ անդրադարձել են երիտասարդների համար երկխոսության հարթակների դերին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համատեքստում։