Միրզոյանի տպավորությամբ՝ կա հարց, որի շուրջ Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են փոխադարձ համաձայնությանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանագիծը որպես սահմանազատման հիմք ընդունելու հարցի շուրջ փոխըմբռնումն այս պահի դրությամբ ավելին է, քան 1 ամիս առաջ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի տպավորությամբ՝ կողմերը շատ մոտ են այդ հարցով փոխադարձ համաձայնությանը:
Միրզոյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:
«Մեր համոզմամբ՝ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն ու հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա: Այն, ինչ այդ սահմանից «պայմանականորեն» կլինի ձախ, պետք է պատկանի Հայաստանին, ինչ կլինի այդ սահմանից աջ, պետք է պատկանի Ադրբեջանին»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարն ասաց, որ հայկական կողմի այս համոզմունքը, տեսլականը կիսում են նաև այլ գործընկերներ: Հայկական կողմը, սակայն, չունի վստահություն, որ Ադրբեջանն ընդունում է սա:
Միրզոյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը 1991-ին ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը: «Եվ մենք մեր ադրբեջանցի գործընկերներին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի նախագահն այս նույնը հրապարակային ընդունել է գրավոր կերպով նախ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ քառակողմ հայտարարությամբ, հետո նույն բանն Ադրբեջանի նախագահն ընդունել է Սոչիում՝ գրավոր հայտարարությամբ: Ադրբեջանի նախագահն այս նույն բանը ընդունել է նաև Բրյուսելում 2023-ի մայիսին»,-ասաց նախարարը:
Միրզոյանը սակայն, ընդգծեց, որ, ցավոք, Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում պայմանավորվածություններից:
«Բայց նաև փոխըմբռնումն այս հարցով այս պահի դրությամբ ավելին է, քան 1 ամիս առաջ: Ես գոնե այս պահին տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այդ հարցով փոխադարձ համաձայնության գալու: Ես խոսում եմ սկզբունքի մասին՝ 1991-ի գիծը՝ երկու երկրների միջև Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանագիծը որպես սահմանազատման հիմք և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ընդունելու մասին»,-ասաց նա: