Գազայի իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի հարվածներից զոհվել է օգնության սպասող 29 պաղեստինցի
Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ Գազայի հատվածում օգնության սպասող պաղեստինցիների վրա իսրայելական երկու առանձին հարձակումների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, 150 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության՝ առաջին միջադեպում զոհվել է 8 մարդ, երբ ավիահարված է իրականացվել Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Ալ Նուսերյաթ ճամբարում օգնության բաշխման կենտրոնի վրա։
Այնուհետև, ըստ գերատեսչության, առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 150-ը՝ վիրավորվել, երբ Իսրայելի զինվորականները կրակ են բացել Գազայի հյուսիսում շրջանաձև խաչմերուկում հումանիտար օգնությամբ բեռնատարներին սպասող բազմության վրա։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարություն է տարածել՝ հերքելով օգնության բաշխման կենտրոնների վրա հարձակման մեղադրանքները և դրանք որակելով որպես «կեղծ»։
«Մինչ ԻՊԲ-ն հանգամանորեն գնահատում է միջադեպը, ինչպես և հարկավոր է, մենք հորդորում ենք լրատվամիջոցներին անել նույնը և հիմնվել միայն հավաստի տեղեկատվության վրա», - նշված է հայտարարությունում։
Գազայի հակամարտությունը տեղահանել է անկլավի 2,3 միլիոնանոց բնակչության մեծ մասին: Օգնության բաժանման ժամանակ մինչ այս էլ քաոսային տեսարաններ և մահվան ելքով միջադեպեր են տեղի ունեցել։ Փետրվարի 29-ին պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել էին, որ ԻՊԲ-ի ուժերը կրակել են Գազա քաղաքի մոտ օգնության սպասող բազմության վրա՝ սպանելով ավելի քան 100 մարդու։ Իսրայելը, սակայն, հայտարարեց, որ շատերը զոհվել են հրմշտոցի կամ հումանիտար օգնությամբ բեռնատարների կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 253-ին։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է սկսել անկլավում, որի հետևանքով զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 31 300-ը, վիրավորվել է 71 500 մարդ։