Ադրբեջանն ակնկալում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում. Բայրամով
«Ադրբեջանը հետևողականորեն քաղաքական կամք է դրսևորել և ակտիվորեն աջակցել է ուղիղ բանակցություններին, ինչպես նաև ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հայտարարել է, որ Ադրբեջանը, հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով վերջին հանդիպումներին՝ Բայրամովը նշել է․ «Այդ հանդիպումները հիմք են ստեղծում խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար և ապահովում են երկու երկրների միջև քաղաքական հարցերի պարզ մոտեցում»։
Եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Բայրամովն ասել է նաև, որ Հայաստանի հետ խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։
«Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատմական շանս է առաջացել, և Ադրբեջանը ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ քայլերը։ Միջազգային հանրությունը պետք է դրական քայլեր ձեռնարկի՝ Հայաստանին վրեժխնդիր գաղափարներից շեղելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: