ԱՄՆ-ն հայտնել է Եմենի տարածքում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
Միացյալ Նահանգները մարտի 14-ին ինը հականավային հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Եմենի տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«CENTCOM-ի ուժերը հութիների կողմից վերահսկվող Եմենի տարածքներում հաջողությամբ խոցել և ոչնչացրել են ինը հականավային հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ մարտի 14-ին հրամանատարությունն արձանագրել է Եմեն տարածքից երկու հականավային բալիստիկ հրթիռի արձակում Ադենի ծոցի, երկուսը՝ Կարմիր ծովի ուղղությամբ։
Հրամանատարությունը հավելում է, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի նավերի վնասվելու կամ անձնակազմերի տուժած անդամների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Եմենի Հոդեյդա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հարավ-արևմուտք գտնվող նավի վրա հրթիռների արձակման միջադեպի մասին։
«Նավապետը հայտնել է, որ նավի վրայով երկու հրթիռ է թռել, և որ ինքը հեռվից երկու ուժգին պայթյուն է լսել», - ասվում է վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում, նավը չի վնասվել և շարժվում է նշանակման նավահանգիստ։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հարձակվել է տասնյակ նավերի վրա՝ ինչպես առևտրային, այնպես էլ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող։ Հութիները հայտարարել են, որ հարձակումներին վերջ կտան, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Մի շարք նավագնացային ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով։