Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան. Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան:
Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
Միրզոյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ԱԳ նախարարները ևս երկու անգամ բանակցություն են ունեցել ԱՄՆ կազմակերպմամբ ու մասնակցությամբ, երկու անգամ հանդիպել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի մասնակցությամբ:
«Պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ շարունակում ենք բանակցել»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքը Հայաստանի համար սկզբունքային կետերի մասին է: