2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն․ Ալիև
Ղարաբաղի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն։ Այս մասին Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Հնարավո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, և երեկ մենք այս հարցը լայնորեն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եվ ես մի փոքր բարձրացրի վարագույրը՝ նրանց որոշ մանրամասներ հայտնելով։ Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա «մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման» կարիքը չէր լինի», - ասել է Ալիևը։
Ալիևը նշել է, որ Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է» նախ միջազգային իրավունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց «հավակնոտ» մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել «իրենց հողերը»։