Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության համար հայտ ներկայացնել․ Պետեր Ստանո
Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանն՝ ինչպես յուրաքանչյուր եվրոպական երկիր, իրավունք ունի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։
Այս մասին նա հայտնել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանն, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին միանալու համար», - նշել է Ստանոն՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:
Նա հիշեցրել է, որ այն դեպքում, երբ այս կամ այն երկիրը Եվրոպական միությանն անդամակցելու համար հայտ է ներկայացնում, դա դիտարկվում է կազմակերպության անդամ երկրների կողմից, ինչից հետո վերջիններս համապատասխան որոշում են կայացնում՝ հիմնվելով «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների վրա»։
Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 13-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։