«Ժողովուրդ». Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի 50-ամյակը ոչ մի պետական պաշտոնյա չհիշեց. ծնունդը Բուլղարիայում են նշել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 9-ին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի 50-ամյակն է եղել, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նշել են Բուլղարիայում։
Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է։
Նազարյանի 50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը եւ այլ հայտնիներ։
Նազարյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, ինչպես նաեւ Բուլղարիայի սպորտի նախարարությունը։
Մարզիկին մեծարել են Բուլղարիայում, սակայն որեւէ շնորհավորական ուղերձ կամ գնահատանքի խոսքեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, Կառավարությունից, նախագահի նստավայրից կամ Ազգային Ժողովից չի հնչել։ Ինչպես միշտ, սեփական եւ իրական հերոսին աչքաթող են անում եւ հերոս համարում են հարկատու քաղաքացուն։
Չնայած այս ամենին՝ հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, համարեց, որ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն, սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանը բավականաչափ գնահատված չի եղել, եւ նրան պարգեւատրեցին հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։
Ստացվում է, որ ներկայիս իշխանությունները մարդուն, որը մեծ ավանդ եւ վաստակ ունի սպորտի կայացման հիմքում, արհամարհում են, իսկ մեկ այլ երկրում մեծարվում են Օլիմպոսի աստվածների պես»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։