Դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի քննարկում՝ Քրեակատարողական ծառայությունում
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ։
Քննարկմանը ներկա են եղել կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, բաժնի աշխատակիցները, ինչպես նաև «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցները։
2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշված չորս քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի փորձարկում, որը շարունակվելու է մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ Մինչ փորձաշրջանի մեկնարկը, վերոնշյալ բաժինների աշխատակիցներն անցել էին տեսական և գործնական վերապատրաստումներ։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամանով հաստատված դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ձևաթղթի լրացման առանձնահատկությունները, գործնականում առաջացող խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Գործիքակազմի ներդրման նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպումը, պատժի կատարման անհատական մոտեցման ապահովումը և ազտազրկված անձանց մոտ դրական վարքագծի ձևավորումը։