ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգի կառավարության ներկայացուցիչների հետ
ԳԴՀ կատարած այցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Համբուրգի կառավարության ներկայացուցիչների հետ:
Համբուրգի ֆինանսների նախարար (Ֆինանսների սենատոր) Անդրեաս Դրեզելի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում արծարծվել են հայ-գերմանական արդի քաղաքական հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարներին առնչվող հարցեր, քննարկվել ֆինանսական, տնտեսական, էներգետիկ եւ զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության ամրապնդման հարցեր: Ընդգծվել է Գերմանիայի դաշնային երկրամասերի հետ համագործակցության խթանմանն ուղղված քայլերի կարեւորությունը:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար անհրաժեշտ գործնական քայլեր նախաձեռնելու կարեւորությունը:
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Համբուրգի երկրամասի տրանսպորտի նախարար (Տրանսպորտի սենատոր) Անյես Թյարքսի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հանրային տրանսպորտի բնագավառում առկա հիմնախնդիրներին եւ դրանց հաղթահարման ուղիներին` ընդգծելով այդ հարցում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման կարեւորությունը:
Անյես Թյարքսը տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներին, որ 2025 թվականին Համբուրգը հյուրընկալելու է Հանրային տրանսպորտի համաշխարհային գագաթնաժողովը (Global Public Transport Summit Hamburg 2025) եւ հրավիրել հայ գործընկերներին առավել ակտիվ մասնակցություն ունենալ գագաթնաժողովին: