«Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն». Կարեն Դուրգարյանը նշում է 55-ամյակը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և իր անունից շնորհավորելու տնօրենին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանին, 55-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
«Դուք՝ որպես մեր ամենակարևոր մշակութային կոթողի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար, Ձեր գործունեությամբ նոր շունչ ու կենսականություն եք բերել թատրոն: Անգնահատելի են Ձեր ջանքերը ինչպես մեր հանրությանը հասանելի դարձնելու համաշխարհային արվեստի գոհարները, այնպես էլ միջազգային բազմաթիվ բեմերում հայ օպերային արվեստը ճանաչելի դարձնելու, հանրահռչակելու գործում»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ մաեստրոյին մաղթելով ստեղծագործական անսպառ եռանդ և բազում նվաճումներ, նոր ու ինքնատիպ ներկայացումներ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և իր հերթին բոլորին մաղթել սեր և խաղաղություն: