Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամներն այս տարի 470 մլրդ դոլար կծախսեն պաշտպանության վրա․ Ստոլտենբերգ
2024 թվականին ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակից երկրները պաշտպանության վրա կծախսեն 470 միլիարդ դոլար, ինչը կկազմի նրանց ընդհանուր ՀՆԱ-ի 2 %-ը: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ։
«2024 թ. Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները 470 միլիարդ դոլար կներդնեն պաշտպանության ոլորտում, ինչը պատմության մեջ առաջին անգամ կկազմի նրանց ընդհանուր ՀՆԱ-ի 2 տոկոսը», - ասել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հավելել է, որ այս տարի անդամ երկրների երկու երրորդը կբավարարեն պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 %-ին հասցնելու պահանջը, մինչդեռ 2014 թվականին ընդամենը 3 երկիր էր բավարարում այդ պահանջը։
Փետրվարին Ստոլտենբերգն ասել էր, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները 2024 թվականին առնվազն 380 միլիարդ դոլար կներդնեն պաշտպանության ոլորտում:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ 2023 թվականը դարձել է իններորդ տարին, երբ Եվրոպայում և Կանադայում պաշտպանական ծախսերն անընդմեջ շարունակել են աճել. անցյալ տարի դրանք աճել են 11 %-ով։