«Արմավիր» ՔԿՀ այցելած կինը փորձել է թմրամիջոցով փաթեթ փոխանցել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կալանավորված անձանցից մեկի մոտ կարճատև տեսակցության եկող քաղաքացուհին պետք է նրան փոխանցի թմրամիջոցով փաթեթ։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ մարտի 12-ին՝ կարճատև տեսակցությունից անմիջապես հետո, ծառայողները կալանավորված անձ Գ․Գ․-ի մոտից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,19 գրամ քաշով, շագանակագույն և թմրամիջոցի նմանվող, սև, 19,28 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։
Կալանավորված անձ Գ․Գ․-ն խոստովանել է, որ նշված փաթեթը կարճատև տեսակցության ընթացքում իրեն է փոխանցել քաղաքացուհի Ք․Գ․-ն։ Վերջինս ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և փաթեթի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։