Մագադանում Մի-8 ուղղաթիռի կործանման հետևանքով կա 2 զոհ և անհետ կորածներ
ՌԴ Մագադանի մարզում կործանվել է Մի-8 ուղղաթիռը, որն աշխատողների էր տեղափոխում: Միջադեպի հետևանքով կա 2 զոհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:
«Մի-8 ուղղաթիռը Մագադանի մարզի հանքերից մեկից տեղափոխում էր 20 աշխատողի: Այն վթարի է ենթարկվել: Երկու մարդ զոհվել է, մյուսների ճակատագիրն անհայտ է», - ասել են արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները։
Վթարի հիմնական վարկածների թվում դիտարկվում է տեխնիկական անսարքությունը և ուղղաթիռը վարելիս օդաչուի սխալը եղանակային բարդ պայմաններում։
Միջադեպը տեղի է ունեցել Սևերո-Էվենսկի շրջանի Կվարցևայա բլրի տարածքում։ Ուղղաթիռը կոպիտ վայրէջք է կատարել Էվենսկից 75 կմ հեռավորության վրա։
«Նախնական տվյալներով՝ վթարի վայրում հերթափոխով աշխատողների դուրսբերման ժամանակ եղել են եղանակային բարդ պայմաններ, տեխնիկան կարող էր չդիմանալ, դիտարկվում է նաև մարդկային գործոնը», – հստակեցրել են արտակարգ ծառայություններում։