Հյուսիսային Կորեան ներկայացրել է նոր մարտական տանկ, որը վարել է անձամբ Կիմ Չեն Ընը
Հյուսիսային Կորեան զինվորական ցուցադրության ժամանակ ներկայացրել է նոր մարտական տանկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն, ըստ հրապարակման, «արտահայտել է իր մեծ բավարարվածությունը», որ նոր տեսակի մարտական տանկը հաջողությամբ ներկայացրել է իր «գերազանց հարվածային ուժը և շարժունակությունը» առաջին ցուցադրության ժամանակ։
Տանկի անձնակազմերը ցուցադրական ճակատամարտի են մասնակցել։ Ըստ գործակալության՝ հաղթող է ճանաչվել 105-րդ տանկային բրիգադը, որը Կորեական պատերազմի ժամանակ գրավել էր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը։
Այնուհետև Կիմ Չեն Ընը բարձրացել է նոր մարտական տանկը և անձամբ վարել այն։
Հյուսիսային Կորեայի կողմից ցուցադրական ճակատամարտը տեղի է ունեցել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ամենամյա համատեղ զորավարժությունների ավարտին։ Անցյալ շաբաթվա ընթացքում երկու երկրների ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել տանկերի, զրահապատ մեքենաների, ինչպես նաև FA-50 կործանիչ ինքնաթիռների մասնակցությամբ։ Հյուսիսային Կորեան բազմիցս դատապարտել է այդ զորավարժությունները՝ ասելով, որ դրանք պատերազմի փորձ են, իսկ Սեուլը հայտարարել է, որ դրանք զուտ պաշտպանական բնույթ են կրում։