Մեսսիի և Սուարեսի գոլերն օգնել են Ինտեր Մայամիին դուրս գալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակիչ
Մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Ամերիկայի Ֆորտ Լոդերդեյլի «Չեյս» մարզադաշտում կայացել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Նեշվիլին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Հանդիպման ութերորդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի փոխանցումից առաջին գոլը խփել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ 23-րդ րոպեին Մեսսին կրկնապատկել է հաշիվը, իսկ 63-րդ րոպեին հարձակվող Ռոբերտ Թեյլորը Սուարեսի փոխանցումից խփել է «Ինտեր Մայամիի» երրորդ գոլը։ 90+3-րդ րոպեին «Նեշվիլի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Սեմ Սյուրիջը։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակչում «Ինտեր Մայամին» կհանդիպի «Մոնտերեյ»-«Ցինցինատի» զույգի հաղթողի հետ (առաջին հանդիպումն ավարտվել է «Մոնտերեյի» հաղթանակով՝ 1:0), փոխանցում է ArmSport-ը։