Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի սահմանափակի զենքի մատակարարումն Իսրայելին
Միացյալ Նահանգներն ընթացիկ փուլում չի պատրաստվում սահմանափակումներ մտցնել Իսրայելին զենքի ու զինամթերքի մատակարարումների հարցում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով Ջեյք Սալիվանը` հերքելով ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ POLITICO-ի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է սահմանափակել Իսրայելին ռազմական օգնության տրամադրումը, եթե իսրայելցի զինվորականները լայնածավալ ցամաքային գործողություն սկսեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում:
Սալիվանը նշել է, որ այդ հրապարակումներն «անանուն պաշտոնյաների չտեղեկացված ենթադրություններ» են, որոնք ինքը չի մեկնաբանի։
Պատասխանելով Իսրայելին զենքի մատակարարման սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ հարցին, Սալիվանն ասել է, որ երկրի քաղաքականությունը չի ներառում նման քայլեր։
«Մենք մշտապես հստակ ասել ենք, որ մեր այսօրվա քաղաքականությունը չի ներառում այնպիսի քայլեր, որոնց մասին դուք խոսում եք», - ասել է ԱՄՆ-ի ղեկավարի խորհրդականը։
Դրա հետ մեկտեղ, Ջեյք Սալիվանը նախազգուշացրել է, որ Բայդենը չի կարողանա աջակցել Ռաֆահում գործողությանը, եթե այն «չի պաշտպանում խաղաղ բնակիչներին, կտրում է մարդասիրական օգնության հիմնական ուղիները և վիթխարի ճնշում է գործադրում Իսրայել-Եգիպտոս սահմանի վրա»: