Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքների ընթացքը
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ կապալառու ընկերության՝ «Թանա Էներջի Մենեջմենթ» տնօրեն Բեհզադ Էսլահչիի հետ։
Քննարկման ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները ընդգծել են նախագծի կարևորությունն ու տեխնիկական հարցերում երկկողմանի գործակցության անհրաժեշտությունը։
Կարեւորելով ծրագրի ընթացիկ հարցերի վերաբերյալ կոմիտեի հետևողականությունն ու աջակցությունը` շինարարական ընկերության ներկայացուցիչները նշել են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։
Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին և կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում անցակետը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։
Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ: Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն: