ՀՀ Կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել կանանց տնտեսական հզորացման ապահովման իր հանձնառությանը. Նարեկ Մկրտչյան
Մարտի 11-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքները, որոնց մասնակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է գենդերային հավասարության, կանանց և աղջիկների հզորացման, վերջիններիս շրջանում աղքատության վերացման ուղղությամբ ՀՀ կողմից տարվող քաղաքականությանը։ Նախարարն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել այն նախաձեռնություններին, որոնք դրական ազդեցություն ունեն կանանց տնտեսական կարգավիճակի վրա և նպաստում են վերջիններիս հմտությունների զարգացմանը:
Այս գործընթացում բանախոսն առանցքային է համարել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ մարզաբնակ կանանց հզորացման, վերջիններիս տնտեսական հնարավորությունների խթանման, ինչպես նաև աղքատության դեմ պայքարում:
«Կանանց և աղջիկների տնտեսական զորեղացումը գենդերային հավասարության ապահովման ու աղքատության հաղթահարման բանալին է: Կանանց աղքատության դեմ պայքարը պահանջում է տնտեսական ռեսուրսների հասանելիության բարելավում, և մենք անհնար ենք համարում այս նպատակի իրագործումը՝ առանց նրանց համար պատշաճ տնտեսական հնարավորություններ ապահովելու: Սա է պատճառը, որ Հայաստանի Կառավարությունն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված նրանց տնտեսական հզորացմանը»,- նշել է նախարարը։
Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանը նաև շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել կանանց տնտեսական հզորացման ապահովման իր հանձնառությանը՝ այն ամրագրելով նաև 2024-2028 թթ․ գենդերային ռազմավարության մեջ: