Իշխանությունները փոխում են մարտավարությունը. Ռուբիկ Մխիթարյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Խաղի կանոնները փոխվում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որը ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրվել էր, օրերս հետ է վերցրել դիմումը։ Այժմ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին է։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ում թափուր տեղն առաջացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի հրաժարականից հետո։ Նրա հրաժարականից հետո սեփական դիմումի համաձայն դադարեցվել են դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները։ Այս հրաժարականների պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, եղել է անձնական նամակագրության հանրայնացումը։ Մասնավորապես, դատավորները ներքին նամակագրությամբ քննադատություններ են հնչեցրել գործող իշխանությունների վերաբերյալ, որը փոխանցվել է իշխանություններին և, ըստ շրջանառվող լուրերի, տեղեկությունները «հասցնողը» եղել է նույն դատարանի դատավոր, ԲԴԽ նախագահի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային նախագահ» կարգված Ռուբիկ Մխիթարյանը, որը ևս ներգրավված է եղել «չաթում»։
Ըստ լուրերի՝ իշխանությունները պատրաստվում էին Ռուբիկ Մխիթարյանին «մատուցած ծառայությունների» համար տեղափոխել ԲԴԽ՝ դատավոր Արշակ Վարդանյանի տեղում, որը փաստորեն թափուր էր դարձել հենց Մխիթարյանի «թեթև ձեռքով», սակայն, ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ Ռուբիկ Մխիթարյանն օրերս հետ է վերցրել իր դիմումը՝ ԲԴԽ անդամի թեկնածության վերաբերյալ, ընդ որում, դիմումը հետ վերցնելու համար նախատեսված ժամկետների խախտմամբ։
Թերեւս գիտակցել են, որ Վազգեն Ռշտունու հետ մրցակցությունն անփառունակ արդյունք է արձանագրելու Մխիթարյանի համար։ Ակներեւ է, որ Ռշտունին ունի անհամեմատ բարձր վարկանիշ ու որքան էլ փորձեն ազդել դատավորների վրա դժվար կլինի Մխիթարյանի համար ապահովել անցող շեմի համար անհրաժեշտ ձայները։ Այս պահին նրա հնարավոր առաջխաղացման հարցը առկախվել է։
Իհարկե, տեսականորեն կարելի է նաեւ ասել, որ իշխանությունները սթափվել են ու որոշել իրենց հլու-հնազանդ ծառայություններ մատուցած յուրայիններին այսուհետ ցույց տան իրենց իրական տեղը, այն է՝ լուսանցքից այն կողմ։ Բայց սա միայն բարի ցանկությունների ոլորտից է, իսկ պրակտիկայում տեսել ենք, թե ինչպես են վարձահատույց լինում իրենց անձնուրաց ծառայած դատավորներին, եթե անգամ համարվում են ամենավարկաբակվածն ու բարեվարքության ստուգումը տապալածը։ Այնպես, որ չի բացառվում, որ Մխիթարյանի դեպքում ևս գործ կունենանք «Մնացական Մարտիրոսյան 2» օպերացիայի հետ։
Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունները քննարկում են նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի նիստը տապալելու սցենարը, որպեսզի կանխեն Վազգեն Ռշտունու ընտրությունն ընդհանրապես։ Խնդիրը ոչ թե վախն է, որ նա կարող է իրավիճակ փոխել, քանզի, ի վերջո, գործելու է միայնակ։ Այլ չեն ցանկանում իրենց կողմից չվերահսկվող անձի ներկայությունը ԲԴԽ-ում, ինչը ներքին անցուդարձին տեղեկանալու հնարավորություն է տալիս։