ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել մերձբալթյան երկրների 347 քաղաքացիների նկատմամբ
Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակը համալրվել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 347 քաղաքացիներով, որոնց մուտքը երկիր արգելվել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Վերջին ժամանակներս Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 347 քաղաքացիներ ընդգրկվել են Ռուսաստանի «ստոպ ցուցակում», որոնց թվում կան նախարարներ, խորհրդարանների պատգամավորներ, հասարակական գործիչներ, լրագրողներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ սահմանափակող միջոցները, որոնք ենթադրում են Ռուսաստանի տարածք մուտքի արգելք, մտցվել են այն անձանց նկատմամբ, որոնք կապ ունեն, այդ թվում, «Ռուսաստանի նկատմամբ մերձբալթյան պետությունների թշնամական քաղաքականության, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ակտիվ լոբբինգի, Ռուսաստանի ներքին գործերին միջամտության, ռուսալեզու բնակչության հալածանքների», ինչպես նաև խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման և Կիևին զենք մատակարարելու հետ։