«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտարարել է Բեն Գուրիոն օդանավակայանին հարված հասցնելու մասին
Շիաների «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը պնդում է, որ իր կողմնակիցներն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Երկուշաբթի երեկոյան՝ 2024 թվականի մարտի 11-ին, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Բեն Գուրիոն օդանավակայանին բռնատիրական կազմավորման խորքում», - ասված է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Իրաքում շիաների կազմավորումները տարածաշրջանում մեծացրել են ակտիվությունը Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման ֆոնին: Աշխարհազորայինները նաև սկսել են պարբերաբար հարձակումներ գործել Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 հոգու, գերեվարելով շուրջ 250 հոգու։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 31 100-ը։