Տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում է միջազգային չափորոշիչներին․ ՄԻՊ-ն՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին
Ադրբեջական հեռուստաընկերություններից մեկը մարտի 10-ին հեռարձակել է տեսանյութ, որով ազդարարվում է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին։
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։
Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար:
Գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։
Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հայտարարությամբ էր հանդես եկել, որին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղումով՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/2569։