Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ պատժամիջոցների խախտումը և շրջանցումը քրեականացնելու մասին օրինագծին
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների խախտումը և շրջանցումը քրեականացնելու մասին հրահանգին: Եվրախորհրդարանի հաղորդագրության համաձայն՝ նպատակը բոլոր անդամ պետություններում ԵՄ պատժամիջոցների կիրառումը ներդաշնակեցնելն է:
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 543 պատգամավոր, դեմ է քվեարկել 45-ը, ևս 27 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատի Եվրոպական խորհուրդը։
Օրինագիծը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այլև ԵՄ-ի սահմանած ցանկացած սահմանափակումներին, ներառյալ ակտիվների սառեցումը, զենքի մատակարարման էմբարգոն, ճանապարհորդության արգելքները և այլն:
Նախաձեռնությունը երաշխավորում է, որ պատժամիջոցները խախտած անձինք քրեական պատասխանատվություն կկրեն` ընդհուպ հինգ տարվա ազատազրկում, իսկ ընկերությունները կտուգանվեն: