Դժգոհ եմ եղել Մարուքյանի աշխատանքից․ Փաշինյանը՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի ազատման պատճառների մասին
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել նրա կատարած աշխատանքից։
«Ես կոնկրետ ասել եմ իրեն՝ ինչից եմ դժգոհ և ինչն է եղել պատճառը, որ երկար ժամանակ ոչ մի հանձնարարական իրեն չեմ տվել, ուղիղ իր հետ չեմ աշխատել, աշխատել եմ միջնորդավորված։ Մարուքյանը իրականում հրաժարական է տվել դրա պատճառով։ Նա տեսել է, որ իր հետ չեմ աշխատում, որովհետև դժգոհ եմ եղել իր աշխատանքից»,- ասաց վարչապետը։
Նա տեղեկացրեց նաև, որ դժգոհության պատճառների մասին հայտնել է Մարուքյանին և, շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
2024 թվականի փետրվարի 24-ին Էդմոն Մարուքյանը հայտնել էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից հեռանալու մասին։ Խոսելով իր որոշման պատճառների մասին՝ նա մասնավորապես նշել էր․ «Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում։ Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին»: