ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, եթե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարի։ Այս մասին ֆոն դեր Լայենը հայտարարել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր խոսքում Իրանին մեղադրել է Եմենի հութիներին աջակցելու միջոցով տարածաշրջանում լարվածությունն ավելացնելու, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու մեջ։
«Հավելեմ, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներով պատասխանել, եթե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրի, ինչպես վերջերս հաղորդվել է», - ասել է նա։
Եվ՛ Մոսկվան, և՛ Թեհրանն ավելի վաղ բազմիցս հերքել են Արևմուտքի մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում օգտագործման նպատակով։
Փետրվարի 21-ին Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Իրանը հունվարի սկզբից, ենթադրաբար, շուրջ 400 բալիստիկ հրթիռ է փոխանցել Ռուսաստանին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հերքել էր այս լուրերը և հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր հերթին հայտարարել է, որ արևմտյան երկրների պնդումներն անհիմն են, և որ Իրանը խստորեն դատապարտում է դրանք։