Գլխավոր դատախազությունը պահանջում է Արագածոտնի նախկին մարզպետից և ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմումները (վարույթ ընդունված հայցադիմումների քանակը՝ 102):
Մասնավորապես՝
1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
4 անշարժ գույք.
1 տրանսպորտային միջոց.
1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
133 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
2. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
1 անշարժ գույքի գնման իրավունք.
1 տրանսպորտային միջոց.
«Լյուքս Կապիտալ» ՍՊ ընկերությանը տրամադրած փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 4 մլն 267 հազար դրամ.
2 մլրդ 254 մլն 304 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերեղի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
744 մլն 846 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:
3. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
3 անշարժ գույք.
1 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն
Վահագնի թաղամասում գտնվող բնակելի տան ներկայիս շուկայական արժեքի 71 տոկոսը.
602 մլն 789 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
371 մլն 783 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ: