Պուտինը շահագրգռված չէ բանակցություններով. Զելենսկի
Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ բանակցություններով՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռազմաճակատում դադարը Կրեմլի ղեկավարը կօգտագործի՝ ուժեղացնելու ռուսական բանակը։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ապակայունացման աղբյուրներ է ստեղծում ամբողջ աշխարհում՝ հետագայում բանակցային դիրքերն ուժեղացնելու նպատակով:
Զելենսկին հայտարարել է, որ այժմ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակն ավելի լավ է, քան վերջին երեք ամիսներին։
«Մենք դժվարություններ ունեինք հակաօդային պաշտպանության, զինամթերքի, հեռահար սպառազինության սղության և ռուսական անօդաչուների զանգվածային հարվածների պատճառով: Սակայն իրավիճակն Արևելքում վերականգնված է, ռուսական հարձակումը կասեցվել է»,- տեղեկացրել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին անդրադարձել է Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությանը և այդ մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը: «Քանի դեռ Ուկրաինան դիմանում է, ֆրանսիական բանակը կարող է մնալ ֆրանսիական տարածքում»,- ասել է նախագահը։
Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ Ուկրաինա կարող է եվրոպական տեխնիկական անձնակազմ ուղարկվել՝ օգնելու Leopard տանկերի ու Ceasar համակարգերի սպասարկման հարցում։