«Իմ ներվերը բետոնից են, ինձ չեք կարողանալու հունից հանել». Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիրներին
Երևանի ավագանու նիստում օրակարգի հաստատման և չզեկուցվող հարցերի ընդունման քվեարկության ժամանակ անհամաձայնություն եղավ «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։ Ընդդիմադիրները պնդում էին, որ իրենք չեն իմացել, թե որ հարցերն են քվեարկության դրվել։
«Որ լսեք, կիմանաք։ Որ իրար հետ չխոսեք, ինձ չընդհատեք, լսեք՝ կիմանաք։ Ձեր ասելով և ձեր ուզելով չի, հարգելի գործընկերներ»,- արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ ավագանին հաստատել է օրակարգն ու չզեկուցվող հարցերը։
Ավինյանն ընդդիմադիրներին նաև զգուշացրեց. «Ուզում եք սեղանին խփեք, ինչ ուզում եք՝ արեք։ Սա ձեր իրավունքն է։ Ուզում եք՝ բոյկոտեք, էդ գործում էլ եք լավ, բայց գիտեք՝ դրա հետևանքը ինչ է լինում։ Բայց ասեմ՝ անկարգապահ լինելու հետևանքն էլ կա մեր կանոնակարգով նախատեսված, ավագանու հարգելի անդամներ»։
Անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հայտարարություններին՝ Տիգրան Ավինյանը նշեց. «Իմ ներվերը բետոնից են, ինձ չեք կարողանալու հունից հանել։ Տիկին Աբգարյան, մի ստիպեք միկրոֆոններն անջատել ու զգուշացումներ բաժանել»։