«Ժողովուրդ». Արցախահայերի համար Հայաստան եկած գումարներով Փաշինյանն այլ խնդիրներ է լուծում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ որոշում ունի՝ բռնի տեղահանված արցախցիներին փոխանցված միջազգային գումարների հետ կապված։
Հիշեցնենք, որ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս գումարները այլ կերպ ծախսել։ Նա սահմանել է թեորեմ, ըստ որի՝ չեն առանձնացվելու արցախցիները, իսկ գումարները ծախսվելու են ոչ թե հենց արցախցիների, այլեւ ՀՀ բոլոր անտուն քաղաքացիների համար։
Սրանից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է արտասահմանից՝ տեղահանված արցախահայերի կարիքների համար եկած գումարներով բարելավել Հայաստանի սոցիալ- տնտեսական վիճակը եւ վերագրել իրեն այդ գործողությունները։ Այս քայլը հետագայում կօգնի նրան գլուխ գովել նախընտրական քարոզարշավներում՝ այդ ամենը վերագրելով իրեն։
Հիշեցնենք, որ նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ յուրաքանչյուր տեղահանվածի պլանավորում են փոխանցել 3 մլն ՀՀ դրամ, որպեսզի բնակարան գնեն: Պարզ է, որ նրանք այդ գումարներով միայն հեռավոր սահմանամերձ բնակավայրերում կկարողանան տուն գնել, քանի որ պահանջարկ չկա այդ հատվածներում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։