Ղազախստանն ու Ադրբեջանը փաստացի ռազմավարական գործընկերներ են, դաշնակից պետություններ. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանին անվանել է ռազմավարական գործընկեր, ինչպես նաև նշել է Բաքու իր այցի կարևորությունը, հաղորդում է «Ակորդան»:
«Ինձ ուղեկցում է շատ մեծ պատվիրակություն։ Սա հուշում է, որ մենք ուշադիր պատրաստվել ենք եղբայրական Ադրբեջան պետական այցի բոլոր ասպեկտներին։ Իսկապես, այցն ավարտվել է լիակատար հաջողությամբ։ Այսօր մենք ներկա էինք համապատասխան փաստաթղթերի ու պայմանագրերի ստորագրմանը։ Բայց ամենակարևորն այն է, որ, ինչպես պայմանավորվեցինք, կառավարությունների և համապատասխան այլ գերատեսչությունների ջանքերն ուղղված կլինեն գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը», ասել է նախագահ Տոկաևը։
Նա ընդգծել է, որ Ղազախստանի և Ադրբեջանի փոխգործակցությունը միջպետական հարաբերությունների օրինակ է՝ հիմնված բարեկամական կապերի, վստահության, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա։
«Այսօր խոսեցինք այն մասին, որ ռեսուրսներից բացի, ամբողջ աշխարհում այժմ սրվում է տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների հասանելիության համար պայքարը։ Սա ռազմավարական տարածք է։ Ուրախալի է, որ և՛ Ղազախստանը, և՛ Ադրբեջանը սերտորեն համագործակցում են այստեղ՝ որպես իսկական գործընկերներ։ Իսկ այսօր Սիան նավահանգստից Ղազախստանի տարածքով դեպի Ադրբեջան երկաթուղային ճանապարհի բացման արարողությունը շատ բան է ասում։ Սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է։ Խոսեցինք թվայնացման, արհեստական բանականության ստեղծման, Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային մալուխի կառուցման ոլորտներում համատեղ ջանքեր գործադրելու մասին։ Սրանք եզակի նախագծեր են», հավելել է Տոկաևը։
Նա Ալիևին շնորհավորել է «երկրի ամբողջ տարածքում ինքնիշխանության վերականգնման համար»: «Մենք մանրամասն քննարկեցինք մեր առևտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը, միջազգային ասպարեզում փոխգործակցությանը վերաբերող բառացիորեն բոլոր հարցերը և եկանք ընդհանուր եզրակացությունների։ Ղազախստանն ու Ադրբեջանը փաստացի ռազմավարական գործընկերներ, դաշնակից պետություններ են»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։