Մակրոնը ևս մեկ անգամ հետաձգել է այցն Ուկրաինա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երրորդ անգամ հետաձգել է պլանավորված այցն Ուկրաինա։ Ըստ Ելիսեյան պալատի՝ նախագահի այցը կկայանա առաջիկա շաբաթներին, հաղորդում է Reuters գործակալությունը։
Մակրոնն Ուկրաինա պետք է այցելեր փետրվարին, սակայն այցը հետաձգվեց, քանի որ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքն այցելեց Փարիզ՝ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքելու։
Ըստ դիվանագետների՝ այնուհետև Մակրոնի այցը պլանավորվել էր մարտի սկզբին, որից հետո հետաձգվել էր մինչև այս շաբաթվա վերջ։
Ֆրանսիայի ղեկավարի ուղևորության հետաձգումը կարող է պայմանավորված լինել անվտանգության նկատառումներով։ Օրերս Օդեսայում Ուկրաինայի նախագահի և Հունաստանի վարչապետի հանդիպման ժամանակ երկու ղեկավարներից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ռուսական հրթիռ էր ընկել։ Մակրոնը նույնպես պետք է այցելեր Օդեսա։