Իրանը 20 մլրդ դոլարի բնական գազի արդյունահանման պայմանագրեր է կնքել հայրենական ընկերությունների հետ
Իրանում տեղական ընկերությունների հետ կնքվել է բնական գազի արդյունահանման ոլորտում խոշոր պայմանագիր, որը վերաբերում է Պարսից ծոցի Հարավային Փարս կոչվող գազի հանքավայրում ճնշման բարձրացմամբ արդյունահանման ծավալները մեծացնելուն:
Ինչպես հայտնում է IRNA-ն՝ պայմանագիրը ստորագրվել է իրանական ընկերությունների և կապալառուների մասնակցությամբ՝ 20 միլիարդ դոլարի ներդրումով, իսկ պլանի իրականացմամբ երկիրը կվաստակի ավելի քան 900 միլիարդ դոլար:
Ըստ աղբյուրի՝ Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Մոհսեն Խոջաստեհը հայտարարել է, որ սա Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենամեծ իրադարձությունն է՝ կապված կայուն էներգետիկ անվտանգության ապահովման հետ:
Լրատվամիջոցը նշում է, որ 2023 թվականի օգոստոսի 28-ին Իրանը վերսկսել է գազի արդյունահանումը Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ հանգույցից՝ 22 տարվա ընդմիջումից հետո, ինչը ըստ իշխանությունների, պայմանավորված էր ֆրանսիական Total էներգետիկ հսկայի և այլ օտարերկրյա կապալառուների նախագծի ձախողմամբ: