Ինդոնեզիայում օդաչուները 28 րոպե քնել են թռիչքի ժամանակ. ինքնաթիռը շեղվել է երթուղուց
Ինդոնեզիայում Batik Air ավիաընկերության ինքնաթիռը շեղվել է երթուղուց այն բանից հետո, երբ և՛ օդանավի հրամանատրը, և՛ երկրորդ օդաչուն մոտ կես ժամ քնել են: Միջադեպը տեղի է ունեցել հունվարին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, օդաչուների քնելը կարող էր ճակատագրական աղետի հանգեցնել բոլոր 153 ուղևորների համար: Պարբերականը նկատում է, որ օդաչուների համար կենսական նշանակություն ունի օդանավը ճիշտ թռիչքուղու վրա պահելը, քանի որ այն ամենայան մանրամասնությամբ գծված է օդային երթևեկության վերահսկիչների կողմից՝ երաշխավորելու համար, որ ինքնաթիռը չհատի որևէ այլ ինքնաթիռի թռիչքուղին:
Ինքնաթիռը հարավարևելյան Սուլավեսիից թռչում էր մայրաքաղաք Ջակարտա։ Հաղորդվում է, որ օդաչուներից մեկը թռիչքի նախորդ գիշերը լիարժեք կերպով չէր հանգստացել։ Օդ բարձրանալուց մոտ կես ժամ անց օդաչուն գործընկերոջից թույլտվություն է խնդրել մի փոքր հանգստանալու, և դրական պատասխան է ստացել: Երկրորդ օդաչուն ստանձնել է ինքնաթիռի կառավարումը, բայց հետո ինքն էլ է քնել:
Երկրորդ օդաչուի վերջին գրանցված հաղորդումից մի քանի րոպե անց Ջակարտայի թռիչքների կառավարման կենտրոնը փորձել է կապ հաստատել օդանավի հետ: Պատասխան չի եղել։ Վերջին գրանցված փոխանցումից քսանութ րոպե անց օդաչուն արթնացել է և հասկացել, որ երկրորդ օդաչուն քնած է, և որ ինքնաթիռը ճիշտ թռիչքի ուղու վրա չէ: Նա անմիջապես արթնացրել է իր գործընկերոջը, արձագանքել է Ջակարտայի զանգերին և ճիշտ թռիչքուղի դուրս եկել, ասվում է զեկույցում։
Միջադեպը հանգեցրել է նավիգացիոն մի շարք սխալների, սակայն Airbus A320-ի 153 ուղևորները և չորս բորտուղեկցորդուհիները չեն տուժել երկու ժամ 35 րոպե տևած թռիչքի ընթացքում: Հունվարի 25-ին տեղի ունեցած միջադեպին մասնակցած օդաչուների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։