Մակրոնն արձագանքել է պնդումներին, որ իր կինը «տղամարդ է ծնվել»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ արձագանքել է այն պնդումներին, որ իր կինը տղամարդ է ծնվել. նա ասել է, որ այդ լուրերը «կեղծ են և շինծու»:
47-ամյա Մակրոնն իր զայրույթն ու վրդովմունքն է արտահայտել 70-ամյա Բրիջիթ Մակրոնի վերաբերյալ շարունակական շահարկումների կապակցությամբ:
«Ամենավատ բանը կեղծ տեղեկատվությունն ու հորինված սցենարներն են: Մարդիկ ի վերջո հավատում են նրանց»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահն այս մասին խոսել է Կանանց միջազգային օրվա առթիվ իր ելույթում:
Նա նշել է, որ տիկին Մակրոնի՝ տրանսգենդեր լինելու մասին պնդումները բնորոշ են ատելության խոսքիառցանց հարձակումներին, որոնց հետ կանայք ստիպված են ամեն օր համակերպվել:
Պարբերականը նշում է, որ երկու կանայք, որոնք պնդում էին, որ առաջին տիկինն իրականում տղամարդ է ծնվել, անցած հունիսին վերաքննիչ բողոքի հիման վրա պատժվել են «խորհրդանշական տուգանքներով»:
Իրենց հերթին, երկուսն էլ պնդել են, որ ենթարկվել են «իշխանությունների կողմից ահաբեկման», քանի որ Ելիսեյան պալատը փորձել է թաքցնել «պետական գաղտնիքը»:
Տրանսգենդեր լինելու մասին լուրերը տարածողները 52-ամյա պայծառատես Ամանդին Ռոյն ու 48-ամյա լրագրող Նատաշա Ռեյն էին: Երկուսն էլ 2021 թվականի դեկտեմբերին հայտնվել են չորս ժամ տևողությամբ յութուբյան տեսանյութում՝ պնդելով, որ Բրիջիթն իրականում ծնվել է որպես տղա՝ Ժան-Միշել Տրոնյե անունով: Սա Բրիջիթ Մակրոնի եղբոր անունն է, և տիկին Մակրոնը մինչ իր առաջին ամուսնությունը կոչվում էր Բրիջիթ Տրոնյե։